«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ
-Սեպտեմբերի մաքսային սկիզբը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ օրինաչափ:
-Ես կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում ամառային թմբիրից հետո ռումբի պես պայթեց: Վերջին 6 ամիսների քաղաքական քննարկումները առնվազն վկայում էին, որ Հայաստանում դժվար ընտրություն է կատարվում ինտեգրացիոն գործընթացների միջև: Թվում էր, որ մենք ճիշտ բանաձև ենք առաջադրում, երբ ասում էինք ոչ թե կամ-կամ, այլ` և-և, թվում էր` դա իրականում հաշտեցնող համադրություն է, ակտիվ մասնակցություն և՛ եվրասիական գործընթացներին, և՛ եվրոպական ինտեգրմանը: Սակայն երկու կողմից էլ բացառվեց այդ հնարավորությունը, և Հայաստանը կատարեց ընտրություն: Իսկ ո՞վ է զարմանում, որ Մաքսային միության երկար տարիների դիտորդ անդամ Հայաստանը որոշեց մասնակցության մակարդակը բարձրացնել մինչև լիարժեք անդամ:
-Եվ ի՞նչ է լինելու հետո:
-Մենք առայժմ միայն հայտարարություն ենք արել, ըստ ընթացակարգի` առաջիկա 5-6 ամիսներին Հայաստանի իշխանությունները նամակով կդիմեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին իրենց մտադրության մասին, այնուհետև Ռուսաստանի և Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները համատեղ կնախապատրաստեն Հայաստանի ճանապարհային քարտեզը, որով կսահմանվեն օրենսդրական փոփոխությունների հերթականությունն ու առաջնահերթությունները անդամակցության ճանապարհին, վերջում կլոր սեղանի շուրջ Եվրասիական տնտեսական ապագա միության անդամները կընդունեն Հայաստանն այդ կառույցի մեջ:
-Շատ չի՞ հնչում «ապագա» բառը:
-Դա առավելություն է, ապագա Եվրասիական միության մեջ հստակ գծագրված չեն անդամների իրավունքներն ու պարտականությունները, անդամակցության ընթացակարգը, որովհետև միությունը նոր է ստեղծվում, ակտիվ քննարկումներ են ընթանում, շատ հարցերում տարբեր կարծիքներ կան, որոնք դեռ պետք է համադրվեն: Քաղաքակրթական ընտրության հարց չկա, ամեն ինչ պարզ է, մենք հիմա էլ ասում ենք, որ ուզում ենք ունենալ մի երկիր, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Չեմ կարծում, որ Հայաստանը հրաժարվելու է այդ սկզբունքներից: Հակառակը: Հայաստանը լինելու է դրական օրինակ նաև մյուսների համար:
-Դուք ասում եք` ո՞վ պիտի զարմանար: Բոլոր նրանք, ովքեր հուլիսին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին տեղեկացվելուց հետո տրամաբանորեն կարող էին մտածել, որ բանակցությունների ավարտին հետևում է համաձայնության կայացումը: Եթե Հայաստանը ստորագրում է ասոցացման համաձայնագիրը, բայց չի ստորագրում Ազատ, խոր և համապարփակ առևտրի համաձայնագիրը, ասոցացման համաձայնագիրը վերածվում է բարի մտադրությունների ակտի, որովհետև այլևս չեն իրականացվի համակարգային բարեփոխումներ, որոնք հակասելու են Մաքսային միությանը:
-Փաստորեն, իր քայլով Հայաստանը, ի դեմս իր նախագահի, սատարել է ՌԴ նախագահի` Մեծ Եվրոպա ունենալու տեսլականին: Հայաստանը, փաստորեն, ասաց, որ մենք ուզում ենք շարունակել և զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց մեր տեղը տեսնում ենք եվրասիական մեծ, ընդհանուր շուկայում: Դա նշանակում է, որ մեծ, էական աջակցություն է հայտնվել ՌԴ նախագահի` Դուբլինից մինչև Վլադիվոստոկ մեկ ընդհանուր, մեծ շուկա ունենալու տեսլականին: Երբ Պուտինը խոսում էր ընդհանուր շուկայի մասին, միայն տնտեսական կատեգորիաները նկատի չուներ, 2012-ի հայտնի հրամանագրում նա հատուկ նշել է Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունները ռազմավարական գործընկերության ոգով զարգացնելու մասին: Խոսքը հիմա Եվրոպայինն է, առաջիկա ամիսներին Հայաստանից բացատրություններ են սպասելու:
-Բացատրությունների ակնկալիքներն արդեն հայտնվել են:
-Հայաստանը պիտի ներկայացնի, թե ինչպես է տեսնում իր ապագան աշխարհում, այդ բացատրություններից հետո թերևս մտածելու են, թե ինչ անեն, որ չձախողվի Արևելյան հարևանության ծրագիրը, ինչպիսի բովանդակություն տալ այդ ծրագրին, որ համահունչ լինի այսօրվա քաղաքական իրողություններին: Սա էլ տևելու է ամիսներ, բայց ես համոզված եմ, որ մեր երկխոսությունը, որ ՌԴ-ի դաշնակիցների շարքում առաջարկում ենք Եվրամիությանը որպես համագործակցության շատ բարձր մակարդակ, հաջողություն է ունենալու: Եթե հետևեք եվրոպական, ամերիկյան մամուլին, կտեսնեք, որ վերջին երկու շաբաթներին նախագահ Պուտինի` Մեծ Եվրոպայի տեսլականի մասին ավելի շատ է գրվում, քան երբևէ: Ռուսաստանն ունի բնական աշխարհագրական առավելություն` ԵՄ-ն Չինաստանին կապող օղակն է: Եթե Ռուսաստանը զգալի տնտեսական ներդրումներ անի այդ միջանցքը բանուկ դարձնելու ուղղությամբ, իսկ այդ միջանցքի մեջ նաև աբխազական երկաթուղու վերագործարկումն է, նրա դերն ու նշանակությունը շատ կմեծանան: Եվրոպացի տնտեսագետներից մեկը հաշվել էր, որ եթե ապրանքների տեղաշարժը կատարվի ռուսական երկաթուղու միջոցով, ժամանակակից տրանսպորտային ռեգլամենտների համապատասխան, մինչև 50 օրով կրճատվում է ապրանքների տեղաշարժը և Հայաստանի համար սկսում է գործարկվել հզոր ներուժ ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային ճանապարհը:
-Աբխազական երկաթուղու վերագործարկումը ռեա՞լ եք համարում:
-Եթե Վրաստանն ու Ռուսաստանը այդ հարցում հետաքրքրություն դրսևորեն, իսկ ես համոզված եմ, որ այդպես է լինելու Վրաստանը դեպի եվրասիական ինտեգրում բերելու նպատակով, Հայաստանի համար կստեղծվեն շատ լավ պայմաններ: Մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանն այսօր մտադրություն չունի եվրասիական տարածք մտնելու, որովհետև չի տեսնում տնտեսական նպատակահարմարություն: Այդ նպատակահարմարության առաջին պայմանը աբխազական երկաթուղու վերագործարկումն է: Իհարկե, կլինեն դիվանագիտական ու տնտեսագիտական քննարկումներ. ով է ֆինանսավորելու վերագործարկումը, որը ժամանակատար է: Եթե երկաթուղին վերագործարկվի, Վրաստանն ու Հայաստանը համատեղ մաքսային և հարկային օրենսդրության մշակման խնդիր են ունենալու: Ահա մի պարզ և լավ օրինակ` ինչպես փոքր ինտեգրումից գնալ ավելի մեծ ինտեգրման: Այս ճանապարհով գնալուն կարող են խանգարել գերատեսչական ամբիցիաները, որովհետև պետական պաշտոնյաները սովոր են աշխատել պատրաստի փաստաթղթերի ու մոտեցումների հիման վրա, իսկ սրանք բոլորովին նոր մոտեցումներ են, որոնք կարող են ընդհանրական օգուտ տալով` առանձին գերատեսչությունների շահերին վնասել: Որպեսզի դա չլինի, պետք է ծավալվեն բաց քննարկումներ: Ամենադժվարը ոչ թե արդեն անցել ենք, այլ հիմա է սկսվում:
-Նկատի ունեք հասարակությա՞ն արձագանքը:
-Մաքսային միության ռեգլամենտները բավականին խիստ են: ԵՄ ասոցացված անդամներ են Ալժիրը, Թուրքիան և էլի մի քանի երկիր, երբ նայեք այդ երկրների ասոցացման համաձայնագրերը, կտեսնեք, որ Թուրքիան 179 բացառություն է արձանագրել ԵՄ-ի հետ ազատ և համապարփակ առևտրի անցնելու համաձայնագրում, Ալժիրը` մոտ 80, Հայաստանը դեռ ոչ մի բացառության մասին չի խոսում: Ես կարծում եմ, որ նույնն էլ լինելու է Մաքսային միության դեպքում: Մեր գլխավոր խնդիրն է բացատրել Մաքսային միության մեր գործընկերներին, որ Հայաստանին անհրաժեշտ են հատուկ կարգավիճակներ, որոնք բնորոշ են ՄՄ ընդհանուր տարածքի հետ սահման չունեցող պետությունների համար: Մենք պետք է ստանանք արտոնություններ, հատուկ ռեժիմներ, որպեսզի մեր տնտեսությունը կարողանա դիմակայել դժվարություններին: Առանց այդ արտոնությունների տնտեսական էֆեկտներ չեն լինի:
-Ամեն ցանկություն իրականություն դառնո՞ւմ է:
-Գոնե այն մաքսային ռեժիմներն ու արտոնությունները, որ ունի Կալինինգրադի մարզը, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման չունի, մենք պետք է ստանանք:
-Փաստ է, որ այս պահին Հայաստանը եվրոպական շուկա մտնելու մրցունակ ապրանքներ չունի, Եվրասիական տարածքում մեր որոշ ապրանքատեսակներ սպառվում են: Չե՞ք կարծում, որ անցած տասնամյակներում Ռուսաստանի վարած քաղաքականությունն իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ հասցրել է նրան, որ մեր տնտեսության դիվերսիֆիկացումը համարյա զրոյական է, և մենք այսօր ներկրման ու արտահանման խայտառակ անհամաչափություն ունենք: Իսկ հիմա ի՞նչ է լինելու:
-Տնտեսագիտական լուրջ հետազոտություն է կատարվում, որի արդյունքները սեպտեմբերի վերջին պատրաստ կլինեն, ՄՄ-ին անդամակցության տնտեսական օգուտների մասին: Մեր տնտեսագետների վկայությամբ` այդ օգուտներն ակնհայտ են, հաշվարկներն արված են և անցնում են ռուսական ու եվրասիական տնտեսական փորձագիտության փուլը: Մենք տեսնելու ենք Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման դինամիկան:
-Ի՞նչ երաշխիք, որ հաշվարկները ահարոնադիբեկյանական ոգով չեն լինելու:
-Հետազոտությունները կհրապարակվեն, և համոզվելու հնարավորություն կունենաք հասարակական քննարկումների արդյունքում: Տնտեսական հիմնական ցուցանիշների համաձայն` էներգետիկա, տրանսպորտ, արտահանում, միգրացիոն քաղաքականություն, մենք ունենալու ենք զարգացում:
-Անցած տարիներին ինչո՞ւ այդ զարգացումը չունեցանք, եթե հնարավորությունները ռեալ են:
-Տարեցտարի շրջանառությունը մեծանում է, 2012 թվականին մեր հայրենակիցները Ռուսաստանից Հայաստան են ուղարկել 1 միլիարդ 440 միլիոն դոլար, որը ՀՀ պետական բյուջեի 60 տոկոսն է կազմում:
-Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշը արտագաղթողների թիվն է, եթե ունեցել ենք այդ զարգացումը, արտագաղթը ինչի՞ հետևանք է:
-Դա լուրջ փաստարկ է, բայց արտագաղթը կանխելու համար պետական հսկայական ներդրումներ են պետք: Մենք պետք է ինտեգրվենք տնտեսական այնպիսի խոշոր համակարգերում, որտեղ մեր աշխատուժի կարիքը կա, լավագույն պայմաններ ստեղծենք մեր հայրենակիցների համար, որ գարնանը կգնան արտագնա աշխատանքի, ուշ աշնանը կվերադառնան: Մենք միայնակ չենք այդ գործընթացներում, աշխարհում շատ երկրներ են այդ ճանապարհով գնում: Չինաստանը, Ֆիլիպինները, Մեքսիկան, այլ երկրներ, որ ունեն մեծ սփյուռք և այդ սփյուռքից ստանում են տնտեսական մեծ օգուտներ տրանսֆերտների ձևով: Այդ գործընթացները կարգավորելու համար մենք օգտակար աշխատանք կարող էինք անել. բացել ռուսաց լեզվի դասավանդման կենտրոններ, որ մեր հայրենակիցները սովորեին լեզուն և օրենքները, որը նրանց ավելի որակյալ աշխատուժ կդարձներ, կամ վերականգնեինք մեր մասնագիտական կրթության համակարգը, որը բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու հնարավորություն կտար:
-Ձեր նշած երկրներին կարող եմ ավելացնել մերձբալթյան և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք անդամակցել են ԵՄ-ին և մեծ արտագաղթ ունեն, այնուամենայնիվ, այդ երկրները չունեն մեր աշխարհագրական դիրքը, ժողովրդագրական վիճակը, անվտանգության հարցերը, չե՞ք կարծում, որ մենք ոչ թե պիտի արտագաղթողներին զինենք բավարար գիտելիքներով, որ ավելի շատ վաստակեն, այլ Հայաստանում աշխատատեղեր ստեղծենք:
-Դա քաղաքական խնդիր է: Կանխել տարեկան 200000 միգրանտների հոսքը Հայաստանից այս պահին իրատեսական չէ, որովհետև միլիարդավոր դոլարների ներդրում է պահանջում: Հնարավոր է խնդրի աստիճանական լուծումը: Ղազախ մեր գործընկերներից մեկն ասել է` փոքր ազգերը ինքնիշխանությունը պահպանելու իրական այլ հնարավորություն չունեն, բացի մեծ տնտեսական կառույցներին անդամակցելուց:
-Ղազախը կարող է ասել` լինելով մեծ ու հարուստ երկրի քաղաքացի:
-Եթե չինտեգրվենք, միայն կորուստներ ենք ունենալու: Մեզ պետք է աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն: Այդ հնարավորությունը այսօր տալիս է ՄՄ-ն:
-ՄՄ-ին և ապագա Եվրասիական միությանն անդամակցելը Հայաստանին արդյունաբերական ուժը վերականգնելու հնարավորություն տալի՞ս է:
-Տնտեսական կարճաժամկետ և միջնաժամկետ զարգացումները, որ այսօր հնարավոր է հաշվարկել, վկայում են, որ Հայաստանին առաջիկա 5-7 տարիներին տնտեսական աճ է սպասում: Այս պայմաններում էլ մեր տնտեսության մեջ առաջին ներդրողը Ռուսաստանն է, սա լավագույն ապացույցն է, թե ում ենք մենք մինչև հիմա հետաքրքրել: Եթե մենք Ռուսաստանի հետ հաղորդակցվող անոթներ ենք, ինչքան Ռուսաստանի մեծ անոթը լցվի, այնքան մեր փոքր անոթի լցվելու հնարավորությունը մեծանում է:
-ՌԴ գործող և նախորդ նախագահները բազմիցս կարևորել են ՌԴ տնտեսության մոդեռնացման խնդիրը, տեխնոլոգիապես Ռուսաստանը մի քանի անգամ զիջում է Արևմուտքին:
-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ժամանակակից աշխարհի արևմտյան մասում սկսեցին մտածել, որ Ռուսաստանն ընդամենը հումք արտահանող և իրենց արտադրանքը սպառող երկիր է: Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի կառավարման ընթացքում մեծ փոփոխություններ են եղել, Ռուսաստանը հավակնում է լինել բազմաբևեռ աշխարհի ուժային կենտրոններից մեկը, և ՌԴ տնտեսական զարգացման ցուցանիշները վկայում են, որ վերջին 20 տարում առաջին անգամ ՌԴ-ի ՀՆԱ-ի ցուցանիշն ավելի բարձր է Գերմանիայից: Նշանակում է` տնտեսության մոդեռնացումը դատարկ խոսք չի եղել:
-Այս ընթացքում եղան պնդումներ, որ ՀՀ նախագահի վրա ճնշումներ են գործադրվել, մասնավորապես Հայաստանի ազգային անվտանգության և Ղարաբաղի հարցում: Ձեր կարծիքով` ՀԱՊԿ-ն իրո՞ք այն կառույցն է, որ մեր անվտանգությունը կապահովի, եթե հիշենք, որ ՀԱՊԿ-ի անդամները Հայաստանի ու Ղարաբաղի դեմ փաստաթղթեր են ստորագրում պարբերաբար:
-Դա ՀԱՊԿ-ը թող որոշի, ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը, ի հաշիվ ԼՂՀ-ի անվտանգության, երբեք ոչ մի քայլ չի անելու: Երբ ՀՀ իշխանությունը քաղաքական որոշումներ է ընդունում, մտքում ունի ԼՂՀ փաստացի անկախությունը և անվտանգությունը: Ես կարծում եմ, որ հիմա մտածելու հերթը Ադրբեջանինն է, որովհետև Հայաստանը ՄՄ-ին իր անդամակցությամբ ստանում է մեծ առաջնահերթություն, իսկ Ադրբեջանը դեռ պետք է փորձի հավասարակշռել վիճակը:
-Հայաստանում կան ՄՄ-ի անդամակցությանը դեմ արտահայտվող քաղաքական ուժեր, որոնք գերադասում են եվրաինտեգրումը որպես զարգացման ճանապարհ:
-Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և տարբեր տեսակետներ կարող են լինել: ՄՄ-ին էլ անդամակցելով` Հայաստանը փնտրելու է ուղիներ և հնարավորություններ զարգացնելու իր հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:
Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ